Գյումրիի ողբերգությունից երկու օր անց Ավետիսյանների հարազատներն ու ծանոթները դեռ ուշքի չեն գալիս, չեն հավատում, որ նման վայրագությամբ կարող էին վերաբերվել այդպիսի հանգիստ ու անվնաս ընտանիքի հետ։
Ողբերգական դեպքերից հետո կապարակնքված դռնով տան բակում ամեն ինչ հուշում է այն մասին, որ հունվարի 11-ի գիշերն անկողին մտնելիս ընտանիքում ոչ ոք չէր կասկածում, որ հունվարի 12-ը տարբերվելու է իրենց ամենօրյա կենցաղից։ Պարանին դեռ տան փոքրիկների լվացված շորերն են, պատուհանի փեղկին՝ փոքրիկների խաղալիքները։
Ավետիսյանները սովորական ընտանիք էին, իրենց հարյուրավոր համաքաղաքացիների նման ապրում էին համեստ կենցաղով, որը նրանց համար ապահովում էր տան տղամարդկանց սեզոնային աշխատանքը Ռուսաստանում։
«Իրանք իրենց քրտինքով ապրող մարդիկ էին, ոչ մեկի հավին քշա չեն արել, հարուստ էլ չեն եղել, որ ասենք՝ գումարի համար են սպանել, անգամ հարեւանների հետ կռիվ չէին անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպանված Սերյոժա Ավետիսյանի քեռորդին՝ Սիրեկան Ներսիսյանը։
Սիրեկանն ու իր բոլոր հարազատները հիմա աղոթում են, որ ընտանիքի՝ հրաշքով փրկված միակ անդամը՝ 6 ամսական Սերյոժան, կարողանա հաղթել կյանքի ու մահվան պայքարում, ու նրա ընտանիքի պատմությունն այս ողբերգական էջով չավարտվի։
Ավետիսյանների հարազատներն այսօր կգիշերեն Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում, որտեղ բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար։ Նրանց մյուս մտահոգությունն այն է, որ արդարացիորեն պատժվեն կատարվածի իրական մեղավորները։











