Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 14-ին, միջադեպ տեղի ունեցավ Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակած 31-ամյա Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստի ընթացքում։ Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, դատարանի դահլիճում ներկա քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ոտքի չկանգնեց դատավորի ներս մտնելիս։ Ակտիվիստը դատավորի նկատողությունից հետո էլ շարունակեց նստած մնալ, որից հետո կարգադրիչները բռնի ուժով նրան հեռացրին նիստերի դահլիճից։
«Դուք հարգելու բա՞ն եք, որ ձեզ հարգեմ, ձեր դատավճիռների 51-48-ը Եվրոպական դատարանը ապօրինի է համարել, դուք դրանից պետք է ամաչեք, ոչ թե հարգանք ակնկալեք։ Դուք միայն ունեք ֆիզիկական բիրտ ուժ, օժտված չեք օրենքով»,- բղավելով ասաց Վարդգես Գասպարին, երբ նրան դուրս էին բերում դատարանի դահլիճից։
Վարդգես Գասպարին դատարանի միջանցքում շարունակեց չենթարկվել դատական կարգադրիչներին եւ մի քանի րոպե պառկեց միջանցքի հատակին։
Նախորդ դատական նիստերին պաշտպանից հրաժարված Հայկ Կյուրեղյանի համար այսօր նոր պաշտպան ներգրավվեց։
Հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը դատավորին խնդրեց հետաձգել նիստը, որպեսզի ինքը ստանա Հայկ Կյուրեղյանի համաձայնությունը դատարանում նրա շահերը ներկայացնելու համար։
Նշենք, որ այսօր Հայկ Կյուրեղյանը չէր մասնակցում դատական նիստին, քանի որ նախորդ դատական նիստին 10 ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից դատարանին չհարգելու եւ ոտքի չկանգնելու պատճառով։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 28-ին։
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին նրան վնասազերծել եւ տարել էին ոստիկանություն։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:













