Հունվարի 14-ի վաղ առավոտից գյումրեցիներն այցելում են Սուրբ Նշան եկեղեցի՝ ցավակցելու հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին եւ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին:

Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ եկեղեցու բակում մեծ թվով ծաղկեպսակներ կան ինչպես կազմակերպություններից, պաշտոնյաներից, պատգամավորներից, այնպես էլ տարբեր քաղաքացիների անունից:

Ծաղկեպսակների շարքում առայժմ չի երեւում ՌԴ դեսպանատան կամ ռուսական 102-րդ ռազմաբազայի անունից որեւէ ծաղկեպսակ:

Առավոտից գյումրեցիների հոսքը եկեղեցի չի դադարում, բոլորը եկեղեցուց դուրս են գալիս արցունքն աչքերին: Ընտանեկան ողբերգությունն աննախադեպ է Գյումրիի համար, գյումրեցի ամուսինները NEWS.am-ի հետ զրույցում կատարվածը անվանեցին ամենաողբերգականը 88-ի երկրաշարժից հետո:  Գյումրեցիներից ոմանք էլ կարծիք հայտնեցին, որ Պերմյակովը հանցակից է ունեցել, չէր կարող միայնակ մի ամբողջ ընտանիք սպանել:

Ավետիսյանների քաղաքացիական  հոգեհանգիստը նախատեսված է այսօր՝ հունվարի 14-ին՝  ժամը 17:00-ին, հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին՝ ժամը 14:00-ին։ Քիչ անց Գյումրիում կմեկնարկի սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով ավոտերթը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: