Թուրքիայի արեւելքում ջերմաստիճանի կտրուկ անկման հետեւանքով սառել է Վանի Բերկրիի ջրվեժի մի մասը։

Տարվա տաք եղանակներին զբոսաշրջիկներին ձգող Բերկրիի ջրվեժը յուրահատուկ գեղեցկություն է ներկայացնում նաեւ ձմռանը, երբ ջրվեժը մասնակի սառում է։

Մոտ 15 մետր բարձրությունից գահավիժող ջրի շիթերի մի մասը ցառցակալել են՝ ստեղծելով գեղեցիկ սպիտակ տեսարան։

Նշենք, որ Բերկրիի ջրվեժը (ներկայումս անվանվում է Մուրադիյե) գտնվում է Բերկրի գետի վրա, որն իր հերթին սկիզբ է առնում  Թոնդրակ լեռից, հոսում Վասպուրականի լեռներին զուգահեռ, անցնելով 65 կմ տարածություն եւ թափվում Վանա լիճը։ Բերկրիի ջրվեժը գտնվում է Վան քաղաքից 90 կմ հեռավորության վրա։