Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում, այսօր՝ հունվարի 14-ին, տեղի ունեցավ հունվարի 12-ին իրենց տանը դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հոգեհանգստի արարողությունը:

Սուրբ Նշան եկեղեցու թե ներսը, թե դուրսը, բազմամարդ էր, մարդկանց հոսքը չէր դադարում: Տեղում հերթապահություն էին իրականացնում ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները:

Հանրապետության  բարձրաստիճան պաշտոնյաներից  ներկա էր միայն Արտակարգ իրավիճակների ու տարածքային  կառավարման  նախարար Արմեն Երիցյանը: Հայաստանի ԱԺ նախագահը ներկա է լինելու հուղարկավորության արարողությանը, որը կկայանա վաղը՝ հունվարի 15-ին:

Ծաղկեպսակներ կային կառավարության և նախագահի անունից:

Ժամը 18-ին մատուցվել է սգո պատարագ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը: