Գյումրեցիներն այսօր՝ հունվարի 15-ին, վերջին հրաժեշտ են տալիս հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրաժեշտ տալու եկած քաղաքացիների թիվն այնքան մեծ է, որ եկեղեցու մուտքի մոտ մեծ հերթ է գոյացել, գրեթե անհնար է ներս մտնել։
Հուղարկավորությանը մասնակցում են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, Շիրակի մարզպես Ֆելիքս Ցոլակյանը, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Մարտուն Գրիգորյանը։
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռ չի եկել։ Հիշեցնենք, նախօրեին նրա մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ Բալասանյանն ընդհատել է իր պաշտոնական այցը Գլենդել եւ վերադառնում է Հայաստան։
Նշենք, որ Ավետիսյանների հուղարկավորությունը նախատեսված է այսօր՝ ժամը 14։00-ին։
Տեղում հերթապահություն են իրականացնում մեծ թվով ոստիկանական ուժեր։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը:
.jpg)

(1).jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
(2).jpg)











