Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու եւ պատժելու պահանջով այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ ընթացող ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները փորձել են ճեղքել դեսպանատան առջեւ ոստիկանական շղթան եւ շենքին մոտենալ: Խզմալյանին դա կարծես թե հաջողվել է, սակայն նրան անմիջապես ձեռքերից եւ ոտքերից բռնած բերման են ենթարկել: Քիչ առաջ ՌԴ դեսպանատան մոտ ժամանած կարմիր բերետավորները բերման են ենթարկել եւս մեկ տղամարդու:
Դեսպանատան առջեւ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանները ցուցարաներին թույլ չեն տալիս մոտենալ դեսպանատան շենքին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին ռուս սահմանապահների կողմից եւ հանձնվեց ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը: Ռուսական եւ հայկական կողմի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ գործը կքննի ռուսական կողմը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











