Գյումրիի դատախազության շենքի առջեւ մեկնարկել է Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատության մարմիններին հանձնելու բողոքի մեծ ակցիան։

Քիչ առաջ պայմանավորվածության համաձայն ցուցարարներին մոտեցավ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

Նա ապարդյուն փորձում էր համոզել ցուցարարներին ցրվել եւ առանձին փոքր խմբերով քննարկումեր անցկացել՝ խոստանալով պատասխանել Պերմյակովի գործին առնչվող ցանկացած հարցի, սակայն հավաքվածները աղմկում էին, եւ մեղադրում Կոստանյանի իրենց հարցերին հստակ պատսխան չտալու մեջ՝ նշելով, որ ոչ իր այսօրվա ասուլիսի ընթացքում, ոչ էլ դատախազության մոտ  Կոստանյանը հստակ չպատասխանեց, թե ով է ի վերջո դատելու Պերմյակովին՝ ՀՀ, թե՞ ՌԴ դատական համակարգը։ Կոստանյանը անընդհատ նշում էր, որ այդ հարցին այժմ հստակ պատասխան տալ չի կարող։

Դատախազության առջեւ լարված իրավիճակ է։ Ցուցարարները հայտարարում են, որ իրենց այլեւս այլեւս «լոլոներով» չեն խաբի, եւ իրենք պահանջում են բավարարել իրենց  պահանջը եւ հայտարարել, որ Պերմյակովը դատվել է ՀՀ օրենքով։ Բազմահազարանոց ցույցին մասնակցում է նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Այս պահին ցուցարարները պահանջում են, որ Կոստանյանը կրկին դուրս գա ու խոսի իրենց հետ։

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին ռուս սահմանապահների կողմից եւ հանձնվեց ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը: Ռուսական եւ հայկական կողմի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ գործը կքննի ռուսական կողմը: