Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու եւ պատժելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազության մոտ հավաքված ակցիայի մասնակիցներից Արգիշտի Կիվիրյանը եւ մեկ այլ ակտիվիստ այսօր՝ հունվարի 15-ին, բերման ենթարկվեցին: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները կանգնել էին ՀՀ գլխավոր դատախազության դիմացի մայթին, որտեղ ոստիկանները պատ էին կազմել:

Արգիշտի Կիվիրյանը փորձեց մոտենալ դատախազության շենքի մայթ, երբ ոստիկանները նրան թույլ չտվեցին՝ պարզաբանելով, որ ակցիան անցկացնելու համար ողջամիտ տարածք է սահմանված դատախազության դիմացի մայթը:

Արգիշտի Կիվիրյանը փորձեց ամեն կերպ մոտենալ շենքին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ ձեռքից եւ ոտքից բռնելով բերման ենթարկեցին:

Այնուհետեւ ոստիկանները շղթա կազմեցին, թույլ չտալով ոչ մի ակտիվիստի մոտենալ դիմացի մայթ, երբ ակտիվիստներից մեկը փորձեց ճեղքել շղթան, նրան նույնպես բերման ենթարկեցին:   

Ակցիայի մասնակիցնեորը պնդում են, որ ոստիկանության աշխատակիցները նրանց հայհոյել են:

Նշենք, որ այսօր հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին ՌԴ դեսպանատան մոտ, որի ժամանակ ձերբակալվել էր նաեւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ մեկ ակտիվիստ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին ռուս սահմանապահների կողմից եւ հանձնվեց ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը: Ռուսական եւ հայկական կողմի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ գործը կքննի ռուսական կողմը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am