Գլխավոր դատախազը պետք է գրություն ուղարկի ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով մեղադրյալին հայկական կողմին հանձնել: Այդ մասին Գյումրիում՝ դատախազության շենքի մոտ այս պահին ընթացող բողոքի ցույցի ժամանակ ասել է Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների միության նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դիտարկմամբ, քանի որ այս պահին 2 քրգործ կա, մեկը մեր կողմից, մերը՝ ռուս իրավապահների կողմից, ընթանում է երկու գործընթաց նույն գործով: «Դրա համար մեր քննիչներն այս պահին աշխատում են այդ տղայի հետ»,- նշել է նա:
Ի պատասխան, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց բարձրացրեց, թե ո՞ր պետության դատարանի կողմից է նա արգելանքի տակ: «Ես ուզում եմ, որ ՀՀ դատարանի կողմից որոշում կայացվի եւ մեղադրյալը կալանքի վերցվի ՀՀ դատարանի որոշմամբ, մեզ մոտ»,- ասել է պատգամավորը, իսկ Լեւոն Բարսեղյանն էլ նկատել է. «Եթե դատախազը սկզբունքորեն համաձայն է մեզ հետ, բավական է մի գրություն ուղարկի ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով մեղադրյալին իրենց հանձնել: Եթե ռուսական կողմը մերժի, մենք այստեղ չենք հավաքվի, այլ պատասխան կպահանջենք ռուսական կողմից»:
Այդ պահին բազմության կողմից նորից քարեր նետեցին շենքի եւ դրա դիմաց կանգնածների ուղղությամբ: Լեւոն Բարսեղյանը հայտարարեց, որ նման քայլ անողերը սադրիչներ են եւ կոչ արեց նրանց հեռացնել տարածքից:
Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ Զարուհի Փոստանջյանը միասին մտան շենք, քարերից պաշտպանվելու եւ շենքի շքամուտքում իրավական հարցեր քննարկելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում:: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով):
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:











