Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում հյուպատոսարանի շենքի առջեւ հավաքված ցուցարարների նկատմամբ: Իրավիճակը Գյումրիում չափազանց թեժ է:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե ցուցարարների դեմ ծխային ռումբեր են կիրառվել: Ոստիկանությունը հաստատել է, որ հատուկ միջոցներ են կիրառվում, բայց չեն հստակեցվել, թե կոնկրետ ինչ միջոցներ: Ոստիկանները արգելապատնեշ են ստեղծել, ցուցարարներն անընդհատ փորձում են ճեղքել ոստիկանական շղթան, սակայն առայժմ ապարդյուն:
Բախումների հետեւանքով մի քանի մարդ է վիրավորվել։ Շտապօգնության ծառայությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ կան վիրավորներ, որոնք այժմ տեղափոխվում են հիվանդանոց։
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս պահին հաստատել են միայն մեկ բերման ենթարկվածի փաստը: Ներկայումս նա գտնվում է ոստիկանության Մուշի բաժանմունքում: Սակայն ոստիկանները դեպքի վայրում այլ անձանց էլ են բռնել եւ տեղափոխել ոստիկանական մեքենաներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:
(7).jpg)













