Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջեւ հավաքված ցուցարարներին՝ խնդրելով դադարեցնել ոստիկանների հետ բախումները:

Նա վստահեցրել է, որ անպայման գնալու եւ նկարահանելու է ռուսական ռազմաբազայում պահվող Վալերի Պերմյակովին, եւ հրապարակելու է տեսագրությունը, որպեսզի կասկածները, թե նա այլեւս Հայաստանում չէ, փարատվեն։

«Ցավդ տանեմ, ինչ որ անելու ենք, անենք, բայց հերիք ա արյուն թափենք»,- Փոստանջյանը դիմեց ցուցարարներին՝ խնդրելով ոստիկանների հետ բախումների չգնալ։

Հյուպատոսարանի մոտ նաեւ Գյումրիից ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը։

Պատգամավորը զրուցեց փոխոստիկանապետի հետ եւ խնդրեց երաշխավորել, որ ոստիկաններն առայժմ միայն կպաշտպանվեն, մինչեւ ինքը կփորձի հանդարտեցնել ցուցարարներին։

Պատգամավորը բարձրախոսով կոչ արեց հանդարտվել եւ վերադառնալ դատախազության մոտ, սակայն առայժմ նրան նույնպես չի հաջողվում ցուցարարների վրա ազդեցություն ունենալ։

Նշենք, որ ցուցարարները մի ոստիկանական մեքենայի վրա են հարձակվել, կոտրել են ապակիները: Նրանք շարունակում են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։