Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջեւ ոստիկանության հետ բախումները դադարեցնելու փորձ անելու համար ոստիկանական մեքենայով հյուպատոսարանի տարածք ժամանած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մեքենան քիչ էր մնում շրջվեր ցուցարարների կողմից: Տեսնելով ոստիկանական մեքենան՝ վրդովված ցուցարարները սկսեցին ոտքով հարվածել այն, սակայն,  քիչ անց տեսնելով, որ մեքենայի ուղեւորը Զարուհի Փոստանջյանն է, հետ կանգնեցին:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը ցուցարարաներից խնդրում էր «ձեռք չտալ» ոստիկաններին, որպեսզի Մարտի 1-ի կրկնությունը չլինի:

Հիշեցնենք, որ երեկ եւ այսօր Գյումրիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել գյումրեցի ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու պահանջով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: