Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այսօր՝ հունվարի 15-ին, դիմեց Շիրակի մարզի դատախազության առջեւ հավաքված ցուցարարներին եւ հորդորեց նրանց տուն գնալ:
Միքայել սրբազանին զայրացրել էր այն, որ ցուցարարները չէին լսել իր հորդորները, այլ գնացել էին «սադրիչների, ջուր պղտորողների» հետեւից։
«Սա՞ էր ձեր ուզածը. 13 հոգու տարել են ոստիկանություն, 14 հոգի վիրավոր է, մեկի վիճակը ծանր է: Սա՞ էր ձեր ուզածը: 13-ն էլ ձերբակալված։ Բոլորը՝ հայ։ Սա՞ էր ձեր ուզածը։ 27 մարդ։ Ռուսը ընդեղ հանգիստ նստած, եւ էլի հայը հայի արյուն թափեց: Դուք ինձ չլսեցիք, ես երբ խոսում էի, ձեզանից 90 տոկոսը համաձայն էր եւ 10 տոկոսը միայն ջուր էր պղտորում եւ դուք գնացիք 10 տոկոսի հետեւից: Հիմա ես ձեզ ասում եմ՝ գնացեք տուն, որպեսզի ես մտնեմ եւ խնդրեմ, որ դուրս թողնեն նրանց»,- ասաց Միքայել սրբազանը՝ հորդորելով հավաքվածներին տուն գնալ եւ խոստանալով, որ ինքը կմիջնորդի, որպեսզի բերման ենթարկվածներին ազատ արձակեն։
Նշենք, որ ցուցարներից ոմանք հեռացան, սակայն մի մասը շարունակում է մնալ դատախազության մոտ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:











