Ազատության հրապարակում այս պահին մոտ հարյուր ոստիկաններ են հավաքվել, որոնք բերման են ենթարկում ի զորակցություն Գյումրիում ցույցի մասնակիցների հավաքված անձանց: NEWS.am-ի թղթակիցն Ազատության հրապարակից հայտնում է, թե հրապարակ է եկել փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը, ով հայտարարել է, թե ոստիկանները պետք է ինչ-որ գործողություն իրականացնեն: Մովսիսյանը հայտարարել է, թե իրենք օպերատիվ տեղեկություններ ունեն, որ հավաքվածների մոտ զենք կա եւ նրանք ուզում են անկարգություններ անել:

Ոստիկանները կրկին սկսել են բերման ենթարկել հավաքվածներին: Մասնավորապես, հենց նոր բերման է ենթարկվել Արգիշտի Կիվիրյանը, որը նաեւ ցերեկն էր բերման ենթարկվել: Բերման են ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, Մարիա Հովսեփյանը, Վարդան Բալյանը, Էդուարդ Գյոզալյանը, Նարեկ Վարազդատյանը, Կարեն Հարությունյանը, Արեգ Կյուրեղյանը՝ Հայկ Կյուրեղյանի եղբայրը, Նախախորհրդարանից Ալեք Ենիգոմշյանը, Գեւորգ Սաֆարյանը, մի քանի այլ անձինք: Գեւորգ Սաֆարյանը հեռախոսով NEWS.am-ի թղթակցին հայտնել է, թե իրեն տեղափոխել են ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք՝ առանց բացատրություն տալու, թե ինչ պատճառով են բերման ենթարկում։ Ավետիք Իշխանյանն էլ նշեց, որ իրեն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք եւ այս պահին տանում են հարցաքննության:

Ոստիկանները քիչ առաջ ոստիկանական մեքենա են նստեցրել եւ բերման ենթարկել փաստաբան Լուսինե Սահակյանին: (ֆոտոռեպորտաժ)

Ավելի վաղ Ազատության հրապարակի մոտից բերման էին ենթարկվել մոտ երկու տասնյակ մարդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am