Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները չեն մասնակցել երեկվա բողոքի ցույցին, եւ առհասարակ, դեմ են այս դեպքի առնչությամբ ցանկացած ոչ խաղաղ ակցիայի։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեցին զոհվածների հարազատները՝ միաձայն ցանկություն հայտնելով, որ Վալերի Պերմյակովը պատասխանատվության ենթարկի ՀՀ օրենսդրությամբ։
«Էս միտինգների հետ ոչ մի հարազատ կապ չունի, ամենքը իրենց սուգը նստած կսգան, ու՞մ դարդն է, որ գնա, միտինգ անի, ի՞նչ միտինգ, ի՞նչի համար անենք, բոլորն էլ դեմ են, որ միտինգներ են անում։ Ոչ մի հարազատ միտինգի չի գնա»,- ասաց սպանված Հասմիկի հորաքրոջ դուստր Ալինա Խաչատրյանը։
Ավետիսյանների խնամի Արշակ Բավեյանը նշեց, որ միայն խաղաղ երթերով կարելի է իրենց հարցերի պատասխաններն ստանալ։
«Ես չէի ուզի, որ ոստիկանների հետ բախում տեղի ունենար, բայց խաղաղ երթով պահանջենք, պատասխան ունենանք, թե ինչի համար է արել, չթաքցնեն»,- ասաց նա։
Սպանված Հասմիկ Ավետիսյանի մորեղբոր տղան՝ Արթուր Հարությունյանը, ցուցարարներից խնդրեց թույլ տալ խաղաղ պայմաններում հետաքննություն վարել։
«Ես ժողովրդին էլ եմ հասկանում, մեր կողքը կանգնած են, բայց մենք վշտի տեր ենք, մենք չենք կարող, թողեք, թող հանգիստ բացահայտեն»,- ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:











