Էրեբունի փողոցի թիվ 17 հասցեում՝ «Էրեբունու» նախկին շուկայի տարածքում փողոցի երկայնքով տեղակայված խանութները այսօր՝ հունվարի 17-ի գիշերը փլուզվելու պատճառը շինարարության համար նախատեսված փորվածքն է։ NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին տարածքի բնակիչները, որոնց կարծիքով՝ փլուզումը կանխամտածված էր (ֆոտոռեպորտաժ

«Սա սողանքների հետեւանք չէ, այլ դիտավորյալ արված բան: Տակից քանդեցին խանութները, փլվեց: Ո՞վ չգիտի դրա մասին։ Նպատակը այն է, որ իրենց համար խանութ սարքեն, «Սիթի» սարքեն»,- NEWS.am-ին ասաց շուկայի հարեւանությամբ ապրող բնակիչը:

Բնակիչներից մեկի խոսքով էլ՝ վաղուց խոսակցություններ են պտտվում այն մասին, որ այդ տարածքում նոր մեծ շինություն կառուցելու նպատակով հարկադրաբար հանում են կրպակները, եւ կրպակատերերին մեկ ամիս ժամանակ էին տվել դուրս գալու համար։ Հավաքվածներից միայն մեկը նշեց, որ ինքն այդ կրպակներից մեկի սեփականատերն էր, եւ որ վերջերս իր կրպակը վաճառել է անհատի, որի անունը չցանկացավ նշել։

Նշենք, որ կրպակների սեփականատերերի մի մասը փլուզումից դեռ երկու օր առաջ խանութներից դուրս է բերել գույքն ու ապրանքը, սակայն ոչ ամբողջությամբ, ու զգալիորեն տուժել են փլուզումից։ Մթերային խանութներից մեկի վարձակալ Գագիկ Հարությունյանն ասաց, որ մոտ 300 հազար դրամի տուժել է, հույս ունի, որ կփոխհատուցեն, թեեւ մի քանի օր առաջ նույն հատվածում գտնվող իր փոքրիկ արհեստանոցը նույնպես քանդել են ու որեւէ փոխհատուցում չեն տվել։

Նրա խոսքով՝ հունվարի 14-ին իրենց զգուշացրել են, որ փլուզման վտանգ է առկա, եւ որ հարկավոր է դուրս գալ, սակայն չգիտեր, թե ովքեր էին զգուշացնողները։

Նշենք, որ այս պահին էլ տարածքը մեկուսացված է ժապավեններով։ Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։ Փլուզման վտանգը դեռ առկա է։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը,  հունվարի 17-ին՝ ժամը 06.35-ին, Հայաստանի ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունու» շուկայի մոտակայքում ջրագծի վթարի հետեւանքով տեղի է ունեցել փլուզում (մոտ վեց խանութ). անհրաժեշտ է օգնություն: Պարզվել է, որ ժամը 02.30-ի սահմաններում Էրեբունու փողոցի թիվ 17 հասցեում՝ «Էրեբունու» նախկին շուկայի տարածքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել փլվածք. նախնական տվյալներով շինության համար փորված հիմքի եզրաշերտի հողազանգվածը սահել է, ինչից Էրեբունու փողոցի երկայնքով կառուցված խանութներից 5-ը քանդվել եւ սահել են փոսը (մոտ 15 մ). առկա է եւս 3-ի սահելու վտանգ: