Վրաստանում Հայաստանի դեսպանատան շենքի դիմաց այսօր՝հունարի 17-ին, տեղի ունեցավ մոմավառություն ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի: Վրաստանում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տասնյակ վրացիներ եւ հայեր մոմեր վառեցին, ծաղիկներ,  խաղալիքներ դրեցին դեսպանատան մուտքի մոտ։ (ֆոտոռեպորտաժ)

«Այդ ողբերգությունը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ մարդկությանը, որովհետեւ նման գործողությունները միշտ դատապարտելի են։ Դա մեծ մեղք է եւ չի կարելի մեղավորին առանց պատժի թողնել»,-  NEWS.am-ի հետ զրույցում ասաց 24-ամյա թուրքագետ Թորնիկե Նամիճեիշվիլին, որը դեսպանատան դիմաց Հայաստանի դրոշն էր բռնել։

Վրացահայ Սերգո Արութինովի խոսքով՝ իրենք հետեւում են հայաստանյան իրադարձություններին եւ կարծում են, որ ռուս զինվորի գործը պետք է քննի Հայաստանը։

«Հայաստանը պետք է քննի, որովհետեւ հանցագործությունը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում եւ ոչ թե ռուսական բազայում»,- ասաց Սերգո Արութինովը։

Նշենք, որ վրացի երիտասարդներն իրենց հետ բերել էին Հայաստանի եւ Վրաստանի դրոշները՝ իրար կապած՝ ի նշան միասնականության։ Նրանք ծաղիկների կողքին պաստառ էին տեղադրել  «Մաքրեք ձեր երկիրը մարդասպանների բանակից» գրությամբ։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանված գտել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին։ Յոթերորդը՝ դանակի հարվածներ ստացած 6 ամսական տղան, բուժման համար տեղափոխվել էր Երեւան։ Հանցագործության համար մեղադրվողը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է, որին բռնել են հայ-թուրքական սահմանին։ Նրան կալանավորել եւ մեղադրանքներ են առաջադրել ՌԴ ՔՕ օրենսգրքի երկու հոդվածներով՝ սպանություն եւ դասալքություն։ Սպանության գործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում։

Հանրապետության ամբողջ տարածքում բողոքների ալիք է բարձրացել, Երեւանում, Գյումրիում եւ այլ քաղաքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել։