6-ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջության հետ կապված մՄենք շատ լուրջ խնդիր ունեցել ենք հենց սկզբից, որ նույնիսկ երեխայի տեղափոխումը Գյումրիից Երեւան եղել է շատ պրոբլեմատիկ, եւ մենք կարող էինք կորցնել երեխային ճանապարհին: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետջ զրույցում նշեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Երեկ էլ մենք լուրջ քննարկել ենք իրավիճակը եւ միանշանակ արձանագրվել է, որ երեխան այս պահին տեղափոխման ենթակա չէ: Նույնիսկ առաջին հարկ իջեցնելը կարող է ճակատագրական լինել»,-ասաց նա ու հավելեց. «Տա աստված, որ երեխային կարողանանք այս կրիտիկական վիճակից հանել, կայունացնել սիրտանոթային համակարգի աշխատանքը, թոքային անբավարարությունը եւ նաեւ բնականաբար երիկամները»:
Նրա խոսքով երեխան լրջագույնս խնդիրներ ունի բոլոր օրգան համակարգերի հետ: «Որեւէ պրոգնոզներ անել նմանատիպ վիճակում հնարավոր չէ: Կանխատեսել, որ այս օրգանը մի քանի րոպե հետո կընկնի սուր դեկոմպենսացիայի մեջ, թե մյուսը, չենք կարող ասել: Մեր պայքարը եղել է եղած տարբեր բարդությունների, փոփոխությունների դեմ: Այս 7 օրը մենք ունեցել ենք կյանքի սպառնացող տարբեր բարդություններով հղի իրավիճակ»,-ընդգծեց Դալլաքյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:











