Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանությունից մեկ շաբաթ անց այսօր` հունվարի 19-ին, Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան կարգ:

Ավետիսյանների հիշատակին նվիրված պատարագին մասնակցելու էին եկել ոչ միայն կազմակերպիչները` «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, այլեւ սովորական քաղաքացիներ:

«Գյումրիում գնդակահարված ընտանիքի 7-րդ օրն է, եւ այդ օրը նշվում է միշտ: Մենք Գյումրիում հասնելու փոխարեն որոշեցինք հոգեհանգստի կարգ պատվիրել այստեղ եւ հիշել անմեղ զոհերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը:

Պատարագից հետո տեր Կորյունը հավաքվածներին իր մտահոգությունը հայտնեց կատարվածի վերաբերյալ` նշելով, որ հայ զինվորները երբեք եւ ոչ մի պարագայում ձեռք չեն բարձրացրել կանանց եւ երեխաների վրա:

«Այսօր տեսնում ենք, որ փառապանծ բանակի մի զինվոր ձեռք է բարձրացնում ընտանիքի վրա, չգիտես, թե ինչու, ոչ մի ձեւով նրա արարքը չի արդարացվում: Շոկի մեջ էր, շփոթմունքի մեջ էր, նարկոտիկի տակ էր, ոչինչ նրան չի արդարացնում: Նա մարդ չէ: Կան մարդիկ, որոնք կենդանուց ավելի գազան են»,- ասաց տեր հայրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: