Կասկադի տարածքում ոչ թե ցանկացել են Եռագույնով լուսանկարվել Գաֆէսճեան քանդակների պարտեզում, այլ ցանկացել են Մովսես Գորգիսյանի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումներ կատարել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոխտնօրենի համադրող-օգնական Արմեն Եսայանցը: 

Նա նշել է, որ  հարցը շահարկվում է համատեքստից դուրս, և իրականում այդ մարդիկ ոչ թե ցանկացել են Եռագույնով լուսանկարվել Գաֆէսճեան քանդակների պարտեզում, այլ ցանկացել են Մովսես Գորգիսյանի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումներ կատարել, իսկ անվտանգության աշխատակիցներն ասել են, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ֆիլմ նկարահանելու համար հատուկ ընթացակարգ կա։

«ԱՐ-Մոբիլ» ՓԲԸ-ն եւս մեկնաբանել է Կասկադում հունվարի 18-ի կեսօրին տարածքի պահպանությունը իրականացնող  Պահնորդների և «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր նախագահ Սրապիոն Ավետիքի Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Ինչպես ամբողջ հայ  ազգի, այնպես էլ «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ -ի ղեկավարության և պահնորդների համար Հայկական դրոշը համարվել և համարվում է  ՀՀ ազգային խորհրդանիշ, որը պետք է ծածանվի ամենուր և միշտ: «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ն իր  ավելի քան  1100 հոգանոց անձնակազմով միշտ պատրաստ  է միանալ և հպարտորեն ծածանել Հայկական եռագույնը  ինչպես Սրապիոն Գևորգյանի, այնպես յուրաքանչյուր հայի  հետ` վառ պահելով մեր բոլոր հերոս ազատամարտիկների հիշատակը: Ինչ վերաբերվում է  Կասկադի  տարածքում  մեր պահնորդներին դրոշի ծածանել չթույլատրելու մեջ  մեղադրելուն, հայտնում ենք, որ  ոչ ոք չի արգելել Հայկական  դրոշը ծածանել այդ տարածքում և պարզաբանում ենք, որ  «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ի աշխատակիցները ընդամենը փորձել են պահպանել «Գաֆէսճեան թանգարան» Հիմնադրամի ներքին կանոնակարգը, համաձայն որի` տեսաձայնագրություններ, նկարահանումներ իրականացվում են միայն Հիմնադրամի ղեկավար անձանց  իրազեկված լինելու դեպքում: Պահնորդի կողմից հարց է հնչել, թե ինչ նպատակով են նկարում, որին պատասխանել են` հեռուստատեսության համար, որից հետո Պահնորդը, շարունակելով իրականացնել  իր աշխատանքային պարտականությունները, փորձել է Հիմնադրամի  ներքին կանոնակարգի մասին  ծանոթացնել նկարահանող անձանց, սակայն ապարդյուն, քանի որ վերջինիս խոսելու հնարավորություն իսկ  չի տրվել`պարոն Սրապիոն Գևորգյանի կողմից դրոշը ծածանելու  հանգամանքը անընդմեջ մեջբերելու պատճառով: Միջադեպին  մասնակից դարձած աշխատակցի  նկատմամբ «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ի  ղեկավարության կողմից արդեն իսկ  կիրառվել են  համապատասխան գործողություններ`  ոչ պատշաճ խոսելաոճ դրսևորելու համար: Իսկ մեր հայրենասեր, ազգասեր հասարակությանը խորհուրդ ենք տալիս տեղի ունեցած դեպքերին, միջադեպերին արձագանքել և ակտիվորեն մեկնաբանել միայն իրավիճակին ստույգ տեղյակ լինելու դեպքում և հայ լինելով հանդերձ`  թույլ  չտալ նման գռեհիկ արտահայտություններ և աձնական բնույթի վիրավորանքներ անհատի նկատմամբ»,-ասված է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ազատամարտիկ Սրապիոն Գեւորգյանը վիճաբանության մեջ է մտել Կասկադի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների հետ, քանի որ վերջիններս թույլ չեն տալիս նկարվել այդտեղ՝ եռագույն դրոշով: Նրանցից մեկը հունից դուրս է գալիս եւ սկսում բղավել, թե «չեմ թողնում, հարցեր կա՞ն»:

 «Այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 16:00-ին հավաքվում ենք Կասկադի տարածքում, մեր հետ ունենալով եռագույն դրոշներ։ Բոլորս միասին երգում ենք Հայաստանի Հանրապետության պետական օրհներքը, նկարվում ենք միասին՝ Եռագույն դրոշներով Կասկադի սկզբնամասում, աստիճանների վրա և ամենավերին հատվածում՝ «Հասկը» կրող հուշակոթողի հարթակում՝ Արքայական Հասկի ու հավերժության նշանի ֆոնին, և ամենքս գնում մեր գործին։ Ակցիայի-ֆլեշմոբի տևողությունը առավելագույնը 30 րոպե է։ Սա կլինի սթափեցնող ապտակ բոլոր նրանց, ովքեր չեն հասկացել, թե որտեղ են ապրում և ով է Հայը»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում