«Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին չի հետաքրքրում, թե Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանությանն ինչպես է արձագանքում Ռուսաստանի Դաշնությունը։

«Ինձ հետաքրքրում է մեր երկրի ներքին վիճակը, երկրում կառավարող համակարգը, որը միայն ադմինիստրացիա է, կատարում է օտարի հանձնարարությունը։ Երբ մենք հարգենք մեզ, այդ օրն էլ մեզ հետ հաշվի կնստեն եւ կհարգեն»,- այսօր՝ հունվարի 19-ին, Ավետիսյանների հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Նրա խոսքով՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը եկել է ահազանգելու, որ ոչինչ հենց այնպես չի լինում, մարդիկ կյանքից անհետեւանք չեն հեռանում։

«Պետք է գիտակցենք, թե ինչպիսի վիճակում ենք գտնվում։ Ինքս ստեղծված իրավիճակը համեմատում եմ 1920-ական թվականների հետ, երբ մենք տվեցինք Կարսը, հետո արդեն ապստամբեցինք։ Գյումրիի դեպքը հուշում է, որ այն օրերի սխալները պետք չէ կրկնել։ Համոզված եմ, որ բանալին դրա մեջ է։ Օր առաջ պետք է ապստամբել»,- նշեց Սեֆիլյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Մեղադրյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: