Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 25-րդ տարելիցին այսօր՝ հունվարի 19-ին, մի խումբ քաղաքացիներ այցելեցին «Ծիծեռանակաբերդի» բարձունքում գտնվող նրա շիրիմին: Հասարակական կազմակերպությունների անդամները,  երիտասարդներն ու Գորգիսյանի ընտանիքի անդամները ծաղիկներ դրեցին ու խունկ վառեցին հերոսի գերեզմանին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Մովսես Գորգիսյանի կինը՝ Ռուզաննա Գորգիսյանը, 1990-ից ի վեր՝ հունվարի 19-ն իր համար սգո ու ցավի օր է: Նա մինչեւ այժմ հիշում է, թե ինչպես էր ամուսինը ռազմի դաշտ մեկնելուց առաջ ոգեւորում ընկերներին. «Հունվարի 19-ին էր, երբ մեկնեցին Երասխավան: Բարեկամության պողոտայի վրա կանգնած էր անկախության բանակը, եւ Մովսեսը գոտեպնդում էր, ոգեշնչում էր: Ինձ թվում էր, թե Սարդարապատ է, մեր արծիվ տղերքը պատրաստ են մեկնելու ի մարտ, ի ճշմարտություն եւ նահատակվելու: Երբ 6-ամյա Գոհարիկս մոտեցավ Մովսեսին հրաժեշտ տալու, Մովսեսը հրեց երեխային: Ես հասկացա, որ չուզեց հրաժեշտ տալ»: 

Հերոսի կինն ափսոսում է, որ պետականության համար կռիվ տվող Մովսեսն այդպես էլ չտեսավ  անկախ Հայաստանը:

«Ամեն մարդ իր ճակատագիրն ունի: Դավադիր գնդակը գտավ Մովսեսին: Գտավ, որ իր տեղը թափուր մնա: Մովսեսը մինչեւ իր վերջին շունչը պայքարեց հանուն պետականության վերականգնման: Ցավոք, չտեսավ նաեւ անկախ Հայաստանը: Ինքը մի Հայաստանի մասին էր, երազում, որ անպայման կգա: Ես հույս ունեմ, որ այսօրվա երիտասարդները եւ զգոն են, եւ ուշադիր են, եւ հետեւողական են»,- ասաց տիկին Ռուզաննան:

Նշենք, որ Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ.: Նա առաջիններից էր, որ դուրս եկավ Խորհրդային միության դեմ պայքարի։ Մովսես Գորգիսյանն առաջինն էր, որ Ազատության հրապարակում ծածանեց եռագույնը: Նա մահացավ թշնամու գնդակից 1990թ. հունվարի 19-ին՝ Երասխավանում: