Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, որոնք 6-ամսական Սերյոժայի մահվան բոթը լսելուց հետո եկել են ցավակցելու փոքրիկի հարազատներին:
Շատերը ցավալի տեղեկությունն իմացան հենց հիվանդանոցում. նրանք եկել էին հիվանդանոց՝ երեխային իրենց զորակցությունը հայտնելու, նրա համար խաղալիքներ ու հագուստ էին բերել:
Մեզ հետ զրույցում շատերն ասում էին, որ փոքրիկի մահով կարծես թե ողբերգությունը կրկնապատկվեց: Նրանք խոստովանում էին, որ վերջին 7 օրերին աղոթել են Սերյոժայի համար եւ մինչեւ վերջին պահը հույսը չեն կորցրել:
Նշենք, որ փետրվարի 2-ին փոքրիկ Սերյոժան կդառնար 7 ամսական:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները 7 օր պայքարում էին նրա կյանքի համար, որի ընթացքում նա երկու անգամ վիրահատության ենթարկվեց:
Մեղադրյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











