Երեւանի կենտրոնում՝ Կասկադում, այսօր՝ հունվարի 19-ին, մի խումբ քաղաքացիներ եռագույնը ծածանեցին ու պետական օրհներգը երգեցին՝ արտահայտելով իրենց բողոքը նախորդ օրը Կասկադի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ անվտանգության աշխատակիցը լրագրող Սրապիոն Գեւորգյանին թույլ չէր տվել լուսանկարվել՝ եռագույնը պարզած:

«Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, երբ մենք իջանք Կասկադից, մենք ուզում էինք լուսանկարվել դրոշով, անվտանգության աշխատակիցները մեզ թույլ չտվեցին: Ասացին՝ մասնավոր տարածք է, իրավունք չունեք, պետք է թույլտվություն ունենաք: Այս դրոշը Եղեռնի տարելիցին Օպերայի մոտ ծածանվող 15 մետրանոց դրոշի մի հատվածն է, որը պետք է շրջի 5 մայրցամաքներով: Այս դրոշը եթե ես Արեւմտյան Հայաստանում բարձրացրել եմ, ուրեմն ես Երեւանում էլ պիտի բարձրացնեմ ու նկարվեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սրապիոն Գեւորգյանը՝ նշելով, որ ակցիայի միջոցով ցանկանում են ցույց տալ, որ բոլորն իրավունք ունեն Կասկադում կամ Հայաստանի մեկ այլ վայրում առանց արգելքի պարզել եռագույնը եւ լուսանկարահանվել:

«Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի մամուլի պատասխանատու Մարիա Հովսեփյանը, որն այսօր նույնպես ակցիայի վայրում էր, հավաստիացրեց, որ տեղի ունեցածը թյուրըմբռնում է, տնօրինության կողմից նման արգելք դրված չի, ցանկացած քաղաքացի կարող է անձնական նպատակներով լուսանկարահանումներ եւ տեսանկարահանումներ կատարել կենտրոնի տարածքում:

Թեեւ Սրապիոն Գեւորգյանը հավաստիացրեց, որ ինքը անվտանգության աշխատակցին ասել է, որ ցանկանում է միայն մեկ լուսանկար անել անձնական նպատակով, Մարիա Հովսեփյանի խոսքով՝ անվտանգության աշխատակիցը հետագայում տնօրինությանը փոխանցել է, որ քաղաքացին ասել էր՝ ցանկանում է ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին նկարահանվող փաստագրական ֆիլմի տեսանկարահանում կատարել:

Ինչպես նշեց Մարիա Հովսեփյանը, առանց տնօրինության թույլտվության թույլ չի տրվում ֆիլմի համար տարածքում կադրեր անել:

Հիշեցնենք, որ Սրապիոն Գեւորգյանը համացանցում տեսանյութ էր տարածել, որտեղ ինքը  վիճում է Կասկադի տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քանի որ վերջինները թույլ չեն տալիս տեսանկարահանում անել այնտեղ եռագույնով: Նրանցից մեկը հունից դուրս է գալիս եւ բղավել. «Չեմ թողնում, հարցեր կա՞ն»: