«Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանին արդարացնելու պահանջով նրա ընտանիքի անդամներն եւ հարազատներն անժամետ հացադուլ են սկսել նախագահական նստավայրի դիմաց:
Նրանք եւ մի քանի տասնյակ այլ քաղաքացիներ՝ Առուշանյանի բարեկամներն ու ընկերները, այսօր՝ հունվարի 20-ին, հավաքվել են նախագահական նստավայրի մոտ եւ հանդիպում են պահանջում նախագահի հետ:
«Մենք հույս ունենք, որ նախագահին սխալ են զեկուցել: Ուզում ենք մեր ձայնն անձամբ նախագահին հասցնել: Ուզում ենք իրեն ասել, թե ինչ է կատարվում դատական ատյաններում: Ամբողջ գերդաստանով՝ շուրջ 10 հոգով, նստելու ենք հացադուլի: Եթե նախագահը չընդունի մեզ, մեր բանակը կավելանա: Պահեստային մարդիկ ունենք, որոնք պատրաստակամություն են հայտնել հացադուլին միանալու: Հացադուլ հայտարարածներից ոմանք առողջական խնդիրներ ունեն: Եթե իրենց վիճակը վատանա, ամբողջ պատասխանատվությունը մնում է իշխանության վրա»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի մայրը՝ Անահիտ Առուշանյանը՝ նշելով, որ հացադուլին են միացել Աշոտի հորեղբայրը, քեռին, հորաքույրը, եղբոր կինը, որը 3 ամսական փոքրիկ ունի:
Տիկին Անահիտի խոսքով՝ բոլոր դատական ատյանները պատվեր են կատարել եւ առանց ապացույցների մեղավոր են ճանաչել իր որդուն:
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:
Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը եւս անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Աշոտ Առուշանյանը մինչեւ օրս պնդում է, որ մեղավոր չէ: Գործը վճռաբեկ դատարանում է:





Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











