Թուրքիայի մայրաքաղաքում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթի մասնակիցների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է օգտագործել։
Թուրքական Haberler կայքի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցին Անկարայում մի շարք հասարակական կառույցների անդամներ եւ համակիրներ ի նշան արդարադատության համակարգի դեմ բողոքի ցանկացել են երթ անել դեպի Արդարադատության նախարարություն եւ շենքի դիմաց սեւ ծաղկեպսակ դնել։
Սակայն երթի մասնակիցներին դեմը կտրել են ոստիկանները եւ պահանջել ցրվել՝ հայտարարելով, որ նրանց երթն անօրինական է։ Հավաքվածները չեն ցրվել, ինչից հետո ոստիկանները արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներով են ցրել երթի մասնակիցներին։














