Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամսական Սերյոժայի մահվանից հետո Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» հոգեւոր երիտասարդական միության 15 սաները Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ուղեկցությամբ այսօր՝ հունվարի 20-ին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աստիճանների մոտ աղոթեցին Ավետիսյանների ընտանիքի հոգիների հանգստության համար:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում քաղաքացիների հոսքը չի դադարում: Նրանցից շատերը մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք մինչեւ վրեջ հավատում էին, որ փոքրիկ Սերյոժան իրենց աղոթքների օգնությամբ կհաղթահարի ճգնաժամը եւ այդ հույսը համաժողովրդական վշտի վերջին օրերին միակ լուսավոր բանն էր, սակայն մխիթարվում են նրանով, որ երեխան միացավ իր ընտանիքին։
Օպերայի աստիճաններին՝ փոքրիկ Սերյոժայի ու նրա ընտանիքի անդամների լուսանկարների մոտ արդեն մեծ քանակությամբ խաղալիքներ ու ծաղիկներ են դրված։ Մարդիկ մոմեր են վառում, ծնկի իջած խաչակնքվում եւ աղոթում դաժանաբար սպանված Սերյոժայի ու նրա ընտանիքի անդամների հոգիների հանգստության համար։
Ազատության հրապարակում հավաքվածները նշեցին, որ ժողովրդական սուգ հայտարարելը նվազագույն է, որ մեր կառավարությունը պետք է աներ:
«Ես շատ եմ ցավում փոքրիկ բալիկի համար: Ես այստեղ եմ եկել ցավակցելու զոհվածների ընտանիքին, շատ ցավալի է, խոսք չկա ասելու: Մեր վեհափառը` Վազգեն Առաջինը, մեկ այլ առիթով ասել էր՝ մեր ո՞ր մեղքի համար: Առանց որևէ տրամաբանության այդքան անմեղ զոհեր տվեցինք»,- NEWS.am-ին ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` նշելով, որ ժողովրդական սուգ հայտարարելը նվազագույնն է, որ Հայաստանի կառավարությունը պետք է աներ զոհերի համար:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել էր։
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:












