Նախօրեին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած՝ սպանված գյումրեցի ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամյա Սերյոժայի մարմինն արդեն Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում է:
Հոգեհանգստյան արարողությունը սկսվել է: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ եկեղեցու ներսում եւ բակում ասեղ գցելու տեղ չկա: Սերյոժային հրաժեշտ տալու են եկել ոչ միայն Ավետիսյանների հարազատները, այլեւ գյումրեցիներ, մայրաքաղաքի եւ տարբեր շրջանների բնակիչներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, պաշտոնյաներ, պատգամավորներ:
Գյումրեցիների շրջանում լուրեր են տարածվել, որ Գյումրի է գալու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերյոժայի հոգեհանգստյան պատարագը մատուցում է Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նշենք, որ Սերյոժային կհուղարկավորեն վաղը Շիրակի գերեզմանատանը, որտեղ հանգչում են նրա ընտանիքի մյուս վեց անդամների մարմինները։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:
(1).jpg)





















