Սերյոժա Ավետիսյանը պայքարեց տղամարդու տոկունությամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, 6-ամսական Սերյոժայի հոգեհանգստյան պատարագի ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։
«Մենք բոլորս աղոթեցինք՝ իմանալով, որ մեր աղոթը հնարավոր է՝ չհասնի իր նպատակին, որովհետեւ խորն էր ու ծանր էր վերքը, որի դիմաց այս մանուկը տղամարդու տոկունությամբ պայքարեց 7 օր, 7 գիշեր եւ հանգավ»,- ասաց Աջապահյանը։
Աջապահյանը սգացողներին կոչ արեց մխիթարվել հավատացյալի այն համոզմունքով, որ Սերյոժան եւ Ավետիսյանների ամբողջ ընտանիքը գտել է իր խաղաղությունը։
«Երկնքում ավելացավ եւս մեկ հրեշտակ։ Աստված այնպես տնօրինեց, որ ինքը միանա իր ընտանիքին, եւ այսօր Ավետիսյան ընտանիքը խաղաղության մեջ է»,- մխիթարեց Աջապահյանը։
Հոգեւարականի խոսքով՝ առաջին անգամ ինքը չի կարողացել զսպել ու արտասվել է, թեեւ գիտակցում է, որ դրա իրավունքը չունի։
«Առաջին անգամ լինելով ես կուզենայի լինել մի պարզ մարդ եւ կանգնած եկեղեցու մի անկյունում աղիողորմ լացեի, բայց դրա իրավունքը չունեմ։ Իմ պարտականութունը ձեզ բոլորիդ մխիթարելն է»,- ասաց նա։
Նշենք, որ Սերյոժային կհուղարկավորեն վաղը Շիրակի գերեզմանատանը, որտեղ հանգչում են նրա ընտանիքի մյուս վեց անդամների մարմինները։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:











