Նախօրեին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած՝ սպանված գյումրեցի ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամյա Սերյոժայի հոգեհանգտի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը տեղեկացրեց, որ փոքրիկի մահվան բոթը լսելուց անմիջապես հետո իրեն զանգահարել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը  եւ իր խոր վիշտն ու ցավակացությունը հայտնել անձնապես։ Աջապահյանը նաեւ ընթերցեց վեհափառի ցավակցական ուղերձը, որում ասվում էր.

«Սիրելի սգակիր հարազատներ: Վիշտ եւ տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով: Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգուն հավելվեց նաեւ ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին եւ աղոթում փոքրիկի հոգու խաղաղության եւ հանգստության համար՝ խնդրելով, որ տերը երկնքի լուսեղեն օթեւաններուն ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին: Միասնաբար պիտի դիմակայենք այս ողբերգությանը, որ ցնցեց ամենքիս, նաեւ պատճառ դարձավ տագնապների եւ հուզումների: Տոկունությամբ եւ խոհեմությամբ տանենք այս վիշտը, զերծ մնանք ցնցումներից եւ ցավն ու սուգը հաղթահարենք առ Աստված հավատքով, հարգանքի մեր տուրքը մատուցելով լուսահոգի մեր հայրենակիցների հիշատակին: Աղոթում ենք վերստին Ավետիսյան ընտանիքի զոհված անդամների հոգվոց հանգստության համար, որպեսզի տերը արարչական իր սիրով արժանացնի հավիտենական կյանքի երանությանը եւ սուրբ հոգով մխիթարի վշտացյալ բոլոր սրտերուն: Առ Աստված մեր հայցն ենք վերագրում,  որ այլեւս նման փորձություններ չտեսնի հավատավոր մեր ժողովուրդը եւ ապրի խաղաղության ու ապահովության մեջ: Թող տերը զորակից լինի մեզ եւ իր սուրբ աջի հովանու ներքո պահի եւ պահպանի ազգս հայոց: Հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի, Ամեն»։

Նշենք, որ Սերյոժային հրաժեշտ տալու են եկել ոչ միայն Ավետիսյանների հարազատները, այլեւ գյումրեցիներ, մայրաքաղաքի եւ տարբեր շրջանների բնակիչներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, պաշտոնյաներ, պատգամավորներ:

Սերյոժային կհուղարկավորեն վաղը Շիրակի գերեզմանատանը, որտեղ հանգչում են նրա ընտանիքի մյուս վեց անդամների մարմինները։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: