Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի եւ նախօրեին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի համար այսօր` հունվարի 20-ին, Ազատության հրապարակում, Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վահան Առաքելյանի կողմից հոգեհանգստյան կարգ մատուցվեց:

Հոգեհանգստի կարգին մասնակցում էր նաեւ Սուրբ Հովհաննես եկեղեցու Օվսաննա երգչախումբը: Հավաքվածները փոքրիկ Սերյոժայի եւ նրա ընտանիքի հոգիների հանգստության համար աղոթեցին, որից հետո օրորոցային երգեցին:

Տեր Վահան Առաքելյանը Ազատության հրապարակում հավաքվածներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի մխիթարության խոսքերը:

NEWS.am –ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին մարդկանց հոսքը չի դադարում Ազատության հրապարակ: Նրանք իրենց հետ բերում են խաղալիքներ, կոնֆետներ, ծաղիկներ:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: