Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի համար անհասկանալի են Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին պաշտոնապես սգո օրեր հայտարարելու կառավարությանն ուղղված պահանջը: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում NEWS.am-ին ասաց Կարեն Ավագյանը, որը եկել էր մասնակցելու Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգիների հանգստության պատարագին:
«Իմ համար անհասկանալի են նման հարցադրումները, քանի որ չեմ կարծում, որ պաշտոնապես սուգ հայտարարելու մեջ է խնդիրը: Բոլորս սգում ենք, այսօր չկա որեւէ մեկը, ով իրեն հայ ազգի ներկայացուցիչ է համարում, որ չի սգում: Ուրիշ ձեւակերպումների մեջ ուղղակիչ պետք է մտնել: Ես ուղղակի ասում եմ, որ մենք հիմա սգում ենք բոլորս»,-NEWS.am-ին ասաց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:











