Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունը հավասարազոր էր ցեղասպանության։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց կատարվածը գյումրեցի մի տղամարդ, որն արցունք աչքերին դուրս էր եկել Գյումրու Սուրբ նշան եկեղեցուց, որտեղ այսօր՝ հունվարի 20-ին, տեղի ունեցավ նախօրեին մահացած՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը։
Գյումրեցիները չեն կարողանում հասկանալ՝ ինչպես գազանի ձեռքը բարձրացավ երեխաների վրա։ Մինչեւ ճակատագրի բերումով ամբողջ ժողովրդի սիրելին դառնալը Սերյոժան իրենց թաղի ամենասիրված երեխան էր, «անուշ քոռփա», ինչպես պատմում էին հարեւանները։
«Իմ աչքի առաջ է մեծացել։ Մենք հարեւաններ ենք, իրենք յուրահատուկ մարդիկ էին։ Վայ ձեռքդ ջարդվի, ո՞նց էդ էրեխու վրա ձեռք բարձրացրիի»,- սգում էր Ավետիսյանների հարեւանուհին։
Արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկ մի կին էլ նկատեց, որ ինքը «որպես գյումրեցի թասիբով աղջիկ», ուզում է, որ հենց հայերը պատժեն Պերմյակովին։
«Պատերազմի ժամանակ երեւի որ թուրքին տային ձեռս, որ իմ ոխերիմ թշնամին է, ես այդպիսի բան չէի անի»,- ասաց նա։
Նշենք, որ Սերյոժայի հոգեհանգստին նրա հարազատներից բացի մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ Գյումրիից, Երեւանից, ՀՀ տարբեր շրջաններից, կառավարության անդամներ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, պատգամավորներ, քաղաքական, հասարական գործիչներ, երաժիշտներ ու դերասաններ։
Սերյոժայի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Շիրակի գերեզմանատանը, որտեղ հանգչում են հունվարի 12-ին գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների մարմինները։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:











