Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6 ամսական Սերյոժայի համար մոմավառությունը Ազատության հրապակում շարունակվում է նաեւ այսօր՝ հունվարի 21-ին։
Մինչ Գյումրիում հողին են հանձնում փոքրիկին, Երեւանում արցունքն աչքերին աղոթում են նրա համար՝ խաղալիքներ, մոմեր եւ ծաղիկներ դնելով Օպերայի աստիճաններին:
Մեզ հետ զրույցում մայրաքաղաքի բնակիչները կարծիք հայտնեցին, որ գոնե այսօր Հայաստանի իշխանությունները պետք է սուգ հայտարարեին:
«Էսօր գոնե պետք է սգո օր հայտարարվեր, էդ անասունը մտել, 7 քնած մարդու մորթել է, սուգ չի, բա ի՞նչ ա: Ուղղակի մեր իշխանությունները վախենում են նեղացնել ռուսներին»,- NEWS.am-ին ասաց մոմավառության մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:











