Գյումրիում այսօր՝ հունվարի 21-ին, հողին հանձնեցին Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամին՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին։ Փոքրիկի աճյունն ամփոփվեց Շիրակի գերեզմանատանը՝ հարազատների՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ, տատիկի և պապիկի կողքին։ Գերեզմանատանը դեռևս թարմ էին Ավետիսյանների ընտանիքի անդամների շիրմաքարերին դրված ծաղիկները։ Ի դեպ, այսօր նաեւ նրանց յոթնօրեքն է։ (ֆոտոռեպորտաժ)

Սերյոժային հրաժեշտ տալու էին գնացել հազարավոր քաղաքացիներ Գյումրիից, մայրաքաղաքից, Հայաստանի տարբեր շրջաններից, մեծ թվով պատգամավորներ։

Գերեզմանին ծաղկեպսակներ դրվեցին նախագահի, կառավարության, տարբեր կազմակերպությունների, տասնյակ անհատների անունից։ Դրանից մեկը մակագրված էր՝ «Փոքրիկ հրշետակին»։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am