Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ամենակրտսեր անդամի՝ 6 ամսական Սերյոժայի հիշատակին Ազատության հրապարակում 2 օր ընթացող մոմավառությանը քաղաքացիների բերած խաղալիքները, ամենայն հավանականությամբ, կհանձնվեն մանկատներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, NEWS.am- ի հետ զրույցում ասաց մոմավառության նախաձեռնողներից Վարդան Հարությունյանը։

«Ամենայն հավանականությամբ Սերյոժայի հիշատակին բերված խաղալիքները կհանձնենք մանկատներին։ Մանկատներում կան շատ երեխաներ, որոնց ծնողները թողել են բախտի քմահաճույքին։ Շատ դեպքերում նրանք խաղալիքներով խաղալու հնարավորություն չունեն։ Այստեղից Գյումրի տանելու համար հովանավորություն է պետք, որը չկա։ Բացի դրանից՝  Գյումրիում խաղալիքների պակաս չկա, գյումրեցիներն էլ են շատ խաղալիքներ տարել։ Իսկ այս խաղալիքները մանկատներին հանձնելու պարագայում գոնե ինչ-որ ուրիշ փոքրիկի կուրախացնենք»,- նշեց նա։

Նշենք, որ այսօր Շիրակի գերեզմանատանը հողին հանձնվեց 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանը, որը հունվարի 19-ին 7-օրյա պայքարից հետո մահացավ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: