Հունվարին Շոտլանդիայի ամենատարեց կինը՝ Ջեսի Գելանը, դառնում է 109 տարեկան: Տեղի լրագրողները զրուցել են կնոջ հետ, որն ամեն օր սպորտով է զբաղվում եւ սնվում բացառապես առողջ սննդով: Սակայն Գելանի երկարակեցության գաղտնիքը դա չէ, հայտնում է Buzzfeed-ը:
«Կարեւորը՝ հեռու մնալ տղամարդկանցից: Նրանց վրա ավելի շատ ուժեր են ծախսվում, քան արժանի են», - հայտարարել է 109-ամյա թոշակառուն, որը երբեք ամուսնացած չի եղել, փոխանցում է Vesti-ն:
«Բացի դրանից, իմ ամեն օրը ես սկսում եմ վարսակի շիլայով եւ մշտապես սպորտով եմ զբաղվում: Ես միշտ ջանասիրաբար աշխատել եմ եւ շատ հազվադեպ արձակուրդ վերցրել», — ասել է թոշակառուն, որը ծնողների տնից հեռացել է 13 տարեկանում եւ սկսել կով կթել Շոտլանդիայի ագարակներից մեկում: Այնուհետեւ Գելանը աշխատել է հյուրանոցում, որտեղ կանգ է առել նաեւ Եղիսաբեթ II թագուհին:
Այժմ 109-ամյա կինն ապրում է Աբերդինի ծերանոցում: Սակայն Բրիտանիայի ամենատարեց մարդու կոչումը նրան չի պատկանում, այլ 114-ամյա Էթել Լենգին՝ Հարավային Յորքշիրից:











