Արտագնա աշխատանքի, բուժվելու կամ բարեկամներին այցելելու համար Ռուսաստան մեկնող՝ Հայաստանի քաղաքացիներից շատերին ՌԴ մուտքի արգելքը կանգնեցրել է խնդրի առջեւ: 2015թ. ՌԴ մեկնելու ապարդյուն փորձեր արած մի խումբ քաղաքացիներ այսօր՝ հունվարի 22-ին, դիմում նամակով վարչապետին խնդրեցին միջամտել եւ օգնել լուծել իրենց խնդիրը:

«Խնդրում ենք, որ եթե հնարավոր է, բոլորի նկատմամբ ներում կիրառեն, քանի որ մենք հո հանցագո՞րծ չենք: Եթե քրեական որեւէ տարր կա, խնդրեմ, թող չթողնեն Ռուսաստան: Բայց եթե աշխատող մարդ է, կամ գնում է բուժման, պատճառը ո՞րն է: Գնացողների 90 տոկոսը լավ օրից չի տնից դուրս եկել: Դուրս են եկել, որ իրենց էրեխեքին, ընտանիքը պահեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կառավարության շենքի մոտ բողոքող Արծվին Աբաջյանը:

Քաղաքացիները պատմեցին, որ ՌԴ դեսպանատանն իրենց չեն ընդունում, հորդորում են դիմել  ՀՀ միգրացիոն պետական ծառայություն, որտեղ էլ առաջարկում են դիմում գրել եւ պատասխանին սպասել երեք ամիս:

«Ես էլ վարորդ եմ, բեռնափոխադրող ավտոմեքենայով գնում էի, ինձ ղեկից իջացրել, հետ են ուղարկել՝ ինչ ա թե՝ 13թ. ինձ տամոժնին չի գրանցել, որ ես որպես վարորդ եմ մտնում Ռուսաստան: Հիմա Ռուսաստանի դեսպանատունը չի ընդունում, Արտաքին գործերի նախարարությունում դիմում եմ գրել, պատասխանել են՝ վիզային ռեժիմի խախտում: Գնացել ենք ՀՀ միգրացիոն պետական ծառայություն, մի երիտասարդ աղջիկ ասում է՝ դիմում գրեք: Ասում ենք՝ բա պատասխանը ե՞րբ կստանանք, ասում է՝ երեք ամիս հետո կգաք, պատասխան կլինի, կտանք, չէ չենք տա»,- ասաց Գուրգեն Աբրահամյանը:

Կառավարության մոտ էր նաեւ 70-ամյա Աղավնիկ Սահակյանը, որը միայնակ է ապրում Հայաստանում եւ արգելքի պատճառով ձմռանը չեր կարողացել մեկնել ՌԴ՝ միակ  դստեր մոտ:

«Ստեղ ապրելու հնարավորություն չունեմ: Երեխեքս մահացել են, մի աղջիկ երեխա ունեմ, որ Վոլգոգրադում ա ընտանիքով: Ամեն տարի գնում եմ ձմեռն իրենց մոտ, գարունը գալիս եմ էստեղ: Տուգանքը մուծել, եկել եմ, հետ գնալուց դեպորտ են արել, հիմա չեմ կարում գնամ»,- ասաց Աղավնիկ Սահակյանը: