Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանությանունից 10 օր անց սպանվածների հարազատներն ապրում են վախի մթնոլորտում: Այսօր՝ հունվարի 22-ին, փոքրիկ Սերյոժայի ինքնահողին գերեզմանոց մեկնելուց առաջ Ավետիսյանների տան բակում հավաքված հարազատները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ մշտապես սարսափի մեջ են, անգամ իրենց սեփական տներում։
«Մի հատ շշուկ կողքներս լսվում է, մենք արդեն չգիտենք՝ ինչ վիճակի մեջ ենք հայտնվում։ Ես տան մեջը ամուսնուս ձեռքը բռնած ման գուկամ, սաղս հոգեկան հիվանդ ենք դարձել»,-ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետա Ջալալյանը:
Հարազատների խոսքով՝ իրենք իրավական աջակցության կարիք ունեն մահացածների իրավահաջորդի ձեւակերպման եւ փաստաբան գտնելու հարցում, սակայն շոկն այնքան մեծ է, որ ի վիճակի չեն այդ ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկել, եւ որեւէ մեկին չեն դիմել այդ հարցով։
«Փաստաբան պետք է, որ այս անմեղ ընտանիքի հարցը պարզվի, ինչուների մեծ շարան կա, բայց մենք ի վիճակի չենք հարցեր տալու, փաստաբան է պետք, որ մեր տեղը խոսա, չունենք հիմա, բայց կուզենք, որ ունենանք, ուղղակի չգիտենք՝ ում դիմենք, որ ունենանք։ Հիմա գլուխներս չի աշխատում, ի վիճակի չենք, որ մտածենք փաստաբանի կամ մյուսի մասին»,- ասաց Ջուլիետա Ջալալյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
.jpg)
.jpg)











