Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործի դատաքննությունը ռեալիթի շուո էր հիշեցնում: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում ասաց դերասանի ֆրանսիացի պաշտպան Մարի Լոռ Դոզեն:

«Ես չհասկացա, թե մեկ տարվա քննությունն ինչ նպատակի է ծառայել: Գրեթե ամեն շաբաթ եղել է դատաքննություն: Ես ընթերցել եմ բոլոր նիստերի արձանագրությունները: Ես ամբողջ ընթացքում լսել եմ, ըմբռնել եմ, հասկացել եմ, թե իմ գործընկերներն ինչպես են պաշտպանում Վարդանին: Բայց մեկ տարի հետո մենք նորից նույն կետում ենք: Ինչպե՞ս չմտածենք, որ այս դատավարությունն անօգուտ չէ, ամեն ինչ նախապես որոշված չէ: Այն ամենը, ինչ կատարվում է այստեղ, ամեն ինչ է, բացի արդարադատությունից: Կարծես ռեալիթի շոուի հետեւես այս դատերի ընթացքում»,- ասաց պաշտպանը: 

Պաշտպանը նշեց, որ հեռավորությունից հետեւել է դատավարության ընթացքին։ Նա հիշեց, որ երբ տեսել է Վարդան Պետրոսյանին պատգարակի վրա, վախ է զգացել Հայաստանի, դրա Քրեական օրենսգրքի եւ մյուս օրենքների նկատմամբ:

«Եվ ես սկսեցի ուսումնասիրել ձեր օրենքները: Բայց տեքստը ոչինչ է, կարեւորն այն է, թե ինչպես ես օգտագործում այդ օրենքը: Քանի դեռ արդարադատությունը ներկայացման նման մի բան է դառնում, այն իր նպատակին չի ծառայում»,- ասաց պաշտպանը:

Անդրադառնալով դատախազի մեղադրանքին՝ Մարի Լոռ Դոզեն նշեց, որ այնպիսի տպավորություն էր, որ նա մեղադրում էր ոչ թե Վարդան Պետրոսյանին, այլ նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին:

«Դուք ձեզ այնպես եք պահում, որ կարծես խուլ եք, կույր եք: Չեք պատասխանում հեռախոսի, արագության հետ կապված հարցերին: Դուք չեք պատասխանում Վարդանի հայտարարություններին, որոնք չեն փոխվել դատավարության սկզբից: Միակ բանը, որ Ձեզ մնացել է այս գործի քննությունից, փաստաբանի պահվածքն է»,- դատախազին դիմեց պաշտպանը:

Նշենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։