Այսօր՝ հունվարի 23-ին, միջադեպ է տեղի ունեցել Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին։
NEWS.am-ի թղթակիցը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից հայտնում է, որ տուժող կողմին նյարդայնացրել է այն, որ դահլիճում հավաքվածները ծափահարել են դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզենի պաշտպանական ճառի ավարտին։
Տուժող Արթուր Հակոբյանը տեղից սկսել է գոռգոռալ, որ Վարդան Պետրոսյանը «ծափահարելու բան չէ, քանի որ երկու երեխու գլուխ է կերել»։
«Ծափ են տալիս երկու երեխա սպանելու համա՞ր»,- բարկացած դահլիճին դիմեց Արթուր Հակոբյանը։
Դատավորը սանկցիա կիրառեց եւ Արթուր Հակոբյանին հեռացրեց դահլիճից։ Արթուր Հակոբյանը վրդովված հեռացավ դահլիճից՝ դստերն ու կնոջն իր հետ տանելով, սակայն մինչեւ այդ պաշտպանական կողմին նայելով՝ հայտարարեց. «Թողեք էս համբալին ասեմ, որ եկել, փող էր առաջարկում, ասում էր՝ մեղավորությունը վերցրու քո վրա»։
Արթուր Հակոբյանի հեռանալուց հետո դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն անհրաժեշտ համարեց հայտարարությամբ հանդես գալ՝ նշելով, որ տուժողի մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում։
Նշենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը հունվարի 16-ին կայացած դատական նիստին պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։











