Չի բացառվում, որ Վալերի Պերմյակովի գործը հանձնվի հայկական կողմին։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Գյումրիում Ավետիսյանների շիրիմներին այցելության ժամանակ լրագրողներին ասաց «Եդինայա Ռոսսիա»-ից պատգամավոր, անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկը։
«Դրանք բոլորն իրավական հարցերն են, որոնք պետք է որոշեն երկու երկրների իրավաբանները։ Նրանք այժմ սերտորեն համագործակցում են։ Ես համոզված եմ, որ խորապես կուսումնասիրվեն բոլոր օրենքները եւ կկայացվի միակ օրինական վճիռը։ Հնարավոր է՝ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին, հնարավոր է՝ ոչ։ Ամեն ինչ կարվի օրենքի շրջանակում»,- ասաց Ռեզնիկը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը:











