Բոլորիս գլխավոր պահանջն այսօր այն է, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործն ընթանա թափանցիկ։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Գյումրիում Ավետիսյանների շիրիմներին այցելության ժամանակ լրագրողներին ասաց ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան։

«Եթե մենք ինչ-որ բան թաքցնենք, դա ավելի շատ շշուկներ եւ անվստահություն կծնի։ Այս սարսափելի պահին մեր գլխավոր խնդիրը երկու երկրների միջեւ վստահությունը պահպանելն է»,- ասաց Ռոդնինան՝ կոչ անելով մամուլին ավելի զուսպ լինել՝ կատարվածը լուսաբանելիս։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը: