Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 23-ին, իր պաշտպանական ճառում Վարդան Պետրոսյանն անընդհատ նշում էր, որ ինքը հաշտություն է ցանկանում:

«Ամբողջ ընթացքում փնտրել եմ ճանապարհներ, որ մեր ընտանիքները կարողանան հաշտվել: Էս խաչը տանելու եմ ամբողջ կյանքով մեկ: Ուզում եք՝ նստեմ, նստում եմ, իմ համար էլ եմ նստում, ձեր համար էլ, էլ ի՞նչ եք ուզում: Ինձ արդեն նստեցրել են, ես արդեն բանտում եմ: Երբ ես ասում եմ՝ կյանքս կտամ Տաթեւիկի համար, համացանցում գրում են՝  դերասան, թատրոն եմ խաղում, Էլ բան ու գործ չունեմ»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Դերասանն անդրադարձավ նախորդ դատական նիստի ժամանակ ընթերցված՝  տուժող Հայկ Հակոբյանի կնոջ՝ Աննա Կարապետյանի ճառին, որում նա նշել էր, որ իրենց ընտանիքը մտադիր է հեռանալ Հայաստանից: Վարդան Պետորոսյանը շնորհակալություն հայտնեց Աննա Կարապետյանին իր ճառում նշելու համար, որ հասկանում է՝ սպանությունը կանխամտածված չի եղել:

«Ուրախ եմ, որ գոնե ընդունում են, որ սա դժբախտ պատահար էր: Աննա Կարապետյանն ասել էր՝ իր վիշտը ոչ մի կերպով չմխիթարվեց, եւ նա լքում է երկիրը: Հարգելի դատարան, դուք չեք կարող պատկերացնել, թե ես դա ինչպես կարող եմ հասկանալ: Եկեք ընդունենք, որ ես սերիական հանցագործ չեմ: Սա շատ ծանր բան էր ինձ համար: Ես հիվանդանոցում մտածում էի՝ ոնց եմ շարունակելու իմ կյանքը: Փառք աստծո՝ ես ընկա կալանավայր, իմ կալանակից եղբայրների ձեռքը: Նրանք ինձ սովորեցրին, որ չպիտի փախնեմ դժբախտությունից: Սովորեցրին ապրել էդ ողբերգությունը ձեռքումդ: Երբ ես ասեցի, որ էդ երկու երեխաները իմն են, ոչ մի երկակի իմաստ մի գտեք:  Նրանք հոգեւոր  իմաստով իմն են: Այդ տղաների շնորհիվ իմ խոսքը ձեռք կբերի մի ուրիշ հոգեւոր որակ»,- իր ճառն ավարտեց Վարդան Պետրոսյանը:

Նշենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։