ՌԴ Սվերդլովի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր Իլյա Գաֆները աչքի է ընկել մարզի բնակիչների խնդիրների վերաբերյալ իր ցինիկ մեկնաբանություններով: Առեւտրի կենտրոններից մեկում լրագրողների հետ զրույցում պաշտոնյան բնակիչներին խորհուրդ է տվել քիչ ուտել: Ուշագրավ է, որ նա առեւտրի կենտրոն էր գնացել ապրանքների գներին ծանոթանալու համար, որոնց թանկությունից բողոքել էին սվերդլովցիները:
«Եզրակացություն. գները միջինն ավելացել են 25 տոկոսով: Կարծում եմ՝ սա այնքան էլ ահավոր չէ: Կոպիտ ասած, եթե դրամական միջոցները չեն բավականացնում, հարկավոր է հիշել. Մենք սով եւ ցուրտ եւ ինչ ասես տեսած ռուս ժողովուրդն ենք... Հարկավոր է մտածել սեփական առողջության մասին եւ, օրինակ, քիչ ուտել», – անվրդով հայտարարել է Գաֆները, փոխանցում է Topnews.ru-ն:
Տվյալ մեջբերումը Facebook-ի իր էջում տեղադրել է հաղորդավար Եվգենի Ենինը: Գրառումը լայն արձագանք է ստացել եւ բավական բացասական մեկնաբանություններ հավաքել պատգամավորի հասցեին: Գաֆներին էլ խորհուրդ են տվել քիչ սնվել, խմել, գողանալ, ինչպես նաեւ անցնել նվազագույնս զուսպ ապրելակերպի եւ սկսել օգտվել հասարակական տրանսպորտից:
Երբ սկանդալի մասին իմացել է կուսակցության ղեկավարությունը, Գաֆների արտահայտությունների համար ներողություն է խնդրել «Եդինայա Ռոսիայի» Սվերդլովի մասնաճյուղի քարտուղար Վիկտոր Շեպտին:











