Մինչեւ հուլիսի 1-ը «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի վիճահարույց պահանջի մասին՝ կառավարության օրերս ընդդունած որոշումը չի գոհացրել օրենքի դեմ բողոքող առեւտրականներին: Տասնյակ առեւտրականներ այսօր՝ փետրվարի 2-ին, հավաքվել են ԱԺ շենքի մոտ, որտեղ այսօր խորհրդարանական ոչ իշխանական 3 ուժերը օրենքը քննարկելու համար արտահերթ նիստ են նախաձեռնելու:
«Խաբեություն է սա, հետաձգելով ոչինչ չի լինում: Մենք պահանջում ենք, որ օրենքը կասեցվի, մենք աշխատենք հին օրենքով, մենք վերջնական լուծում ենք պահանջում: Երեք ամիս առաջ էլ հետաձգեցին, ուզում էին՝ Նոր տարին անցնի, հիմա էլ հետաձգում են, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն անցնի, որ հետագայում կարողանան ուժ կիրառել մեր նկատմամբ: Մենք ուզում ենք, որ խաղաղ ձեւով այդ հարցը լուծվի, հանգիստ աշխատենք»,- NEWS.am հետ զրույցում ասաց առեւտրականներից մեկը:
ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա անցկացնող առեւտրականներին քիչ առաջ մոտեցավ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ասելով, որ ինքը սատարում, եւ հոդորեց չդադադարեցնել պայքարը:
«Օրենքի հետաձգումը ժողովրդի պայքարի արդյունքն է, ժողովուրդը չպետք է նահանջի: Այս օրենքը ներառում է կոռուպցիոն մեծ իրականություն, մեծերը շարքային քաղաքացիների հաշվին միլիոններ են դիզում, իսկ քաղաքացիները պետք է թղթերի հետեւից ընկնեն, որ հաց դնեն սեղանի վրա»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի» մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:
.jpg)











