ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 2-ին, հրապարակեց Նոյեմբերի 5-ի գործով վճիռը, որով անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը։

Մինչ դատարանի դահլիճում ներկաները բուռն արձագանքեցին դատավճռին՝ աղմկելով եւ դատարանին մեղադրելով իշխանությունների պատվերը կատարելու մեջ՝ ամբաստանյալները ժպիտով լսեցին դատարանի վճիռը։

«Մանթո մի մնացեք, մենք գիտեին, որ սենց ա լինելու»,- դահլիճում ներկա ընկերներին ու հարազատներին դիմեց ամբաստանյալներից Վարդան Վարդանյանը։

Նշենք, որ 2014թ. հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Նոյեմբերի 5-ի գործով 13 ամբաստանյալներին դատապարտել էր 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք նշանակել։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր  էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։