«Նաիրիտ» գործարանում այսօր՝ փետրվարի 2-ին, գործարանի աշխատակիցների հետ կայացած հանդիպմանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացավ մինչեւ փետրվարի 25-ը վճարել մեկ ամսվա աշխատավարձ եւ մեկ ամիս խնդրեց հետագա անելիքները որոշելու համար։
Նշենք, որ հանդիպումը փակ էր, լրագրողներին թույլ չտվեցին ներկա գտնվել։ Հանդիպումից հետո Զախարյանը եւ «Նաիրիտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը հեռացան՝ առանց մեկնաբանություն տալու։ Հանդիպման մասին մանրամասներ հաղորդեց գործարանի մամուլի քարտուղարը։
«Խոստացավ մինչեւ փետրվարի 25-ը մեկ ամսվա աշխատավարձ վճարել։ Ասաց, որ աշխատակիցների ազատման գործընթացը չի կասեցվում. մինչեւ փետրվարի 6-ը բոլորը ազատվում են, փետրվարի 5-ին գալու է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, եւ իրենց որոշումից կախված կլինի գործարանի ճակատագիրը։ Մինչեւ փետրվարի վերջ ժամանակ խնդրեց, որպեսզի կարողանա ինչ-որ հարցեր կարգավորել, հատկապես միջպետական բանկի հետ հարաբերությունները ինչ-որ հանգրվանի հասցնել, ասաց, որ այդ քննարկումները դրական ելքով կավարտվեն իր կարծիքով։ Բայց ժողովուրդը համաձայն չէ այն մտքի հետ, որ պետք է եւս մեկ ամիս սպասել՝ իմանալու՝ 15, 18, 20 ամսվա աշխատավարձերը վճարվելու են, թե ոչ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։
NEWS.am-ի հետ զրույցում նաիրիտցիներից շատերը դժգոհեցին նախարարի խոստումից՝ ավելացնելով, որ այս անգամ եւս էական ոչինչ չասվեց։
«Ավելի լավ էր՝ չգար, ամոթ էլ է։ Նախորդ անգամ խոստացել էր՝ մինչեւ փետրվարի 6-ը աշխատավարձ կտա, հիմա եկել, ասում ա՝ 25-ին»,- ասաց նաիրիտցիներից մեկը։
Նշենք, որ գործարանի աշխատանքային հանձնաժողովը որոշում է կայացրել վաղը՝ փետրվարի 3-ին, նամակ ուղարկել ՀՀ նախագահին եւ Կառավարությանը՝ պահանջելով, որ աշխատավարձերի մարման հստակ ժամանակ սահմանեն, քանի որ ըստ Անուշ Հարությունյանի, նաիրիտցիները պատրաստ չեն Երվանդ Զախարյանի խնդրանքը կատարել եւ նույնիսկ մեկ օր սպասել։











