Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ փետրվարի 3-ին, Կանազի կայազորային կլինիկակայի հոգեբուժական բաժանմունքում ծեծկռտուք հրահրելու մեջ մեղադրվող Արշակ Թորոսյանին, Ռազմիկ Մանուկյանին, Դավիթ Մարկոսյանին դատապարտեց 4,5 տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբ նշանակելով 2014թ. նոյեմբերի 15-ը։
Մեղադրյալ Գարեգին Դանիելյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 2 տարի փորձաշրջան, եւ չհեռանալու մասին ստորագրությունը թողեց անփոփոխ։
Նշենք, որ մեղադրյալներից միայն Գարեգին Դանիելյանն է ընդունել իր մեղավորությունը եւ դատարանից խնդրել է մեղմ պատիժ սահմանել:
Ռազմիկ Մանուկյանի պաշտպան Գայանե Գալոյանը դատավճռից առաջ իր պաշտպանական ճառում նշեց, որ հարուցված քրգործն ի սկզբանե անհիմն է եղել, քանի որ զինծառայողներն արարքը գործել է հոգեբուժարանում եւ հոգեմետ դեղերի ազդեցության տակ։ Պաշտպանը նաեւ պնդեց, որ նախաքննական մարմինները օբյեկտիվ քննություն չեն իրականացրել, չեն պարզել, թե հոգեբուժարանում ինչպես է ալկոհոլ հայտնվել, որի ազդեցության տակ, ըստ մեղադրանքի, մեղադրյալները ծեծկռտուք են սկսել։
«Թող պատժեն հայհոյելու, ծեծելու համար, բայց 358 հոդվածին բնորոշ որեւէ հատկանիշ չկա։ Նրանք բանակում չեն, որ հրամանատարի հրամանը չկատարելու համար պատասխան տան։ Դե որ այդպես է, թող նաեւ բժիշկներին պատժեն, քանի որ նրանք շատ լավ գիտեին, որ տղաները հիվանդ են, դյուրագրգիռ, իրենք պետք է չհրահրեին»,- ասաց Գայանե Գալոյանը։
NEWS.am-ի հետ զրույցում դատապարտյալ Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը, նշեց, որ դատավճիռն անընդունելի է, քանի որ իր տղան հոգեկան խնդիրներ ունի եւ անմեղսունակ է։
«Դատավճռի հետ համաձայն չեմ, քանի որ Դավիթին զինկոմիսարիատն ազատել էր, հոգեխան խանգարումներ ունի, իրավունք չունեին իրեն դատապարտելու: Բացի այդ` նա տուժողի դերում է, քանի որ կան փաստեր, նկարներ, որտեղ երեւում են, որ դեմքի վրա այտուցներ կան, ականջը լրիվ կապտած է։ Ինչո՞ւ տվյալ բժիշկը պատասխանատվության չի ենթարկվում, իսկ Դավիթին անիմաստ 4 տարի, 6 ամսով դատապարտում են»,- ասաց Սամվել Մարկոսյանը:
Դավիթի հոր խոսքով՝ իրենք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում, արդյունքի չհասնելու դեպքում շարունակելու են պայքարը դատական ավելի բարձր ատյաններում։
Հիշեցնենք, որ Արշակ Թորոսյանին, Ռազմիկ Մանուկյանին, Դավիթ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ստացիոնար բուժման մեջ գտնվելով զորամասի հոգեբուժական բաժանմունքում բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում, 2013թ. նոյեմբերի 2-ին բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զորամասի (հոսպիտալի) հրամանատար, փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն են գործադրել Սահակ Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել նրա շապիկը, ապա կողապահարանները նետել են բժիշկների ուղղությամբ ու փախուստի դիմել։ Մեկ օր անց կայազորի կլինիկական զինվորական հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ հայտնաբերվել ու վերադարձվել էին հոսպիտալ։ Զինծառայողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նշենք, որ ամբաստանյալները, որոնք հոգեկան խնդիրների պատճառով բուժում էին անցնում հոգեբուժական բաժանմունքում, պնդում են, որ բժիշկները հարբած են եղել դեպքի պահին եւ նրանք են հրահրել ծեծկռտուքը:











